Մատչելիության հղումներ

«Մի փոքր ավելի խիտ էր և ծանրաբեռնված». Ավինյանի երդմնակալությանը մուտքը լրագրողների համար փակ էր


Նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությունն այսօր տեղի ունեցավ ուրարտական ոճով ձևավորված քաղաքապետարանի սրահում, որի մուտքը լրագրողների համար փակ էր։

«Մի փոքր ավելի խիտ էր և ծանրաբեռնված», - տոնական միջոցառման ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում արդարացավ Ավինյանը՝ հստակ չպատասխանելով հարցին, թե ժողովրդական բաստիոն հռչակված երկրում՝ ինչո՞ւ բազմաթիվ հյուրերի համար տեղ գտնվեց, իսկ լրագրողները մնացին փողոցում։

Երդմնակալության արարողությանը մասնակցող վարչապետ Փաշինյանը, այդուհանդերձ, կրկին պնդեց՝ չնայած լարված պայքարին, այս ընտրությունները ժողովրդավարության հաղթանակն էին։

Ընդդիմադիր երեք ուժերը՝ Հայկ Մարությանի «Ազգային առաջընթացը», Անդրանիկ Թևանյանի «Մայր Հայաստանն» ու Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայնը» բոյկոտել էին ինագուրացիան, բայց հետագա նիստերին կմասնակցեն։ Հրավերի չպետք է սպասեին, Ավինյանի պատասխանն էր իր քաղաքական հակառակորդներին։ «Տան տիրոջը չեն հրավիրում տուն», - ասաց նա:

Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն փաստացի ընտրություններին մասնակցած երևանցիների 32 տոկոսի ձայներով դարձավ քաղաքապետ։ Ընդդիմությունից Հայկ Մարությանի առաջնորդած քաղաքական ուժն այս առիթով Ավինյանին փոքրամասնության քաղաքապետ է անվանում, Տիգրան Ավինյանը, սակայն, հակադարձում է՝ դրանից քաղաքը չի տուժելու:

«Եթե մեր բոլորի շահն այնտեղ է, որտեղ Երևանի և երևանցու շահն է, իրենց դժվար թե պետք է հետաքրքրի, թե ինչ ճանապարհով ընտրվեց քաղաքապետը, եթե ժողովրդավարական ընտրություններ են տեղի ունեցել: Եթե նույնիսկ խնդիր ունենք, դա մենք ունենք, դա իրանց խնդիրը չի: Դրանից քաղաքը չի տուժելու, եթե մենք տեսնենք՝ քաղաքը տուժում է, եթե տեսնենք որևէ ուժ, անձինք փորձում են խոչընդոտել իրականում բարեփոխումները Երևան քաղաքում, մենք դրան էլ անպայմանորեն շատ կտրուկ լուծումներ կտանք», - նշեց Տիգրան Ավինյանը:

Չնայած այս պնդմանը՝ ՔՊ-ն ու նրա հետ հուշագիր ստորագրած «Հանրապետությունը» միասին 32 ձայն ունեն ավագանիում, իսկ դա նշանակում է, որ 65 հոգանոց ավագանիում նրանք մեծամասնություն չունեն։

Նորընտիր քաղաքապետն այսօր խոստացավ՝ Երևանը կառավարման նոր մոդել կունենա, բայց այդպես էլ չներկայացրեց ոչ այդ մոդելը, ոչ էլ թե ովքեր են լինելու իր տեղակալները։ Այլ պաշտոնների թեման՝ թաղապետերի, վարչության պետերի, ևս շրջանցվեց։ Նախկիններ-ներկաներ համեմատությունն այս անգամ էլ շահարկվեց։

«Նախկինում ինչքան մոտիկ, հարազատ, բարեկամ, մեբելի դիզայներ կար վարչության պետեր էին այստեղ, ամենայն հարգանքով», - ասաց Ավինյանը:

Քաղաքապետարանի սյուներով հայտնի սրահում այսօր ուրարտական ժամանակների դեկորներ էին տեղադրվել, երդմնակալության ժամանակ Ավինյանը ձեռքը դրել էր մ․թ․ա․ 782 թվականով թվագրված սեպագիր արձանագրության վրա, Արգիշտի թագավորի շրջանը հիշեցնող սաղավարտով զինվորներն էլ մուտքի մոտ դիմավորեցին նորընտիր քաղաքապետին։

«Ազատության» հարցին՝ ինչո՞վ էր պայմանավորված թագավորական այս հանդիսությունը, Ավինյանը պատասխանեց՝ Երևանի ակունքները հիշեցնելու համար։

«Քաղաքի պատմությունն ու մեր ժառանգությունը շատ կարևոր են, անկախ նրանից, թե ով պետք է երդվի որպես քաղաքապետ, համաձայն նոր կարգի, որոշակի կարևոր էլեմենտներ են ավելացել այս արարողակարգին, որ և՛ այդ մարդուն, և՛ բոլոր ներկաներին, և՛ երևանցիներին կհիշեցնեն, թե որտեղից են սկսվում Երևանի ակունքները», - ներկայացրեց Ավինյանը:

Նորընտիր քաղաքապետին հիշեցրին, որ պատմության նոր դասագրքերում ուրարտական ժամանակաշրջանի քարտեզները բազմաթիվ տարընթերցումների տեղիք են տվել։ Արգիշտի 1 հասցե 5 տարով որպես քաղաքապետ մտած Ավինյանն այս հարցը շրջանցեց՝ ընդամենն ասելով՝ հարցը նեղ է, ինքը ծանոթ չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG