Մատչելիության հղումներ

Տիգրան Ավինյանն ընտրվեց Երևանի քաղաքապետ


Տիգրան Ավինյանը Երևանի նոր ավագանու առաջին նիստի ժամանակ, 10-ը հոկտեմբերի, 2023թ․
Տիգրան Ավինյանը Երևանի նոր ավագանու առաջին նիստի ժամանակ, 10-ը հոկտեմբերի, 2023թ․

Ձայների 32 կողմ, 5 դեմ հարաբերակցությամբ իշխող կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր ընտրվեց Երևանի քաղաքապետ, թեև «Քաղաքացիական պայմանագիր»-ն ընտրություններում քվեների մեկ երրորդն էլ չէր ստացել։

Բանը քվեարկության չէր հասնի, եթե նիստը բոյկոտելու՝ Հայկ Մարությանի կոչին Անդրանիկ Թևանյանի խմբակցությունից բացի նաև
հետախուզվող ոստիկան Վարդան Ղուկասյանի ուժը համաձայներ։ Բայց «Հանրային ձայն»-ն ու «Հանրապետություն»-ը իրենց 13 մանդատով անհրաժեշտ քվորումն ապահովեցին։

«Քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունն իր ձայնը տվել է հեղափոխությանը, ուստի ցանկացած փորձ՝ այդ ձայները կիսելու ապապետական, կոռումպացված, հակաժողովրդավարական ուժերի հետ, կնշանակի քաղաքացիների տված քվեի բռնազավթում հակաժողովրդավարական ուժերի կողմից», - հայտարարեց Տիգրան Ավինյանը։

Քաղաքապետ ընտրվելու համար Ավինյանին 3 ձայն էր պակասում, դա էլ Արամ Սարգսյանի հիմնադրած «Հանրապետություն» կուսակցությունը լրացրեց։ Ընդդիմադիր ուժն այսօր իշխանության հետ կոալիցիոն հուշագիր ստորագրեց։ Ավինյանը հայտարարեց՝ միասին են կառավարելու քաղաքը, չհստակեցնելով՝ «Հանրապետության» ցուցակը գլխավորող Արտակ Զեյնալյանը կնշանակվի՞ փոխքաղաքապետ, թե՞՝ ոչ։

«Համատեղ հուշագիրը քաղաքական առևտուր չէ՞», - հարցրին լրագրողները՝ հիշեցնելով, որ «Հանրապետություն»-ն ընտրարշավի ժամանակ քննադատում էր իշխանություններին։

«Ամեն ինչ եղել է հանրային, բոլորը բացահայտ իրար հետ էդ առևտուրը իրականացրել են, մենք ասել ենք, որ մերժում ենք էդ ձևը, մենք մերժում ենք այլ ուղղվածություններ, այլ գաղափարական հենք ունեցող խմբակցությունների հետ որևէ կերպ դաշինք կազմել», - հարցին արձագանքեց նորընտիր քաղաքապետը։

«Ընտրություններում նվազագույնը հինգ քաղաքական ուժ մասնակցում էին հյուսիսային կապիտալով և կրեմլյան կառավարումով։ Թույլ չենք տալիս, որպեսզի Երևանը, Հայաստանը ցնցվի և ենթարկվի գուբերնիա դառնալու ռիսկին», - իր հերթին, ասաց Արտակ Զեյնալյանը։

«Հանրապետություն»-ն այսօր ունեցած բոլոր՝ 8 ձայները տվեց Ավինյանին։ «Հանրային ձայն» կուսակցության 7 անդամներից քվեարկությանը մասնակցել են 5-ը` 5-ն էլ դեմ են քվեարկել։ Բացականերից Արտակ Գալստյանն անազատության մեջ է, Տիգրան Ուրիխանյանը՝ արտերկրում։

Ինչպե՞ս են Ավինյանն ու Արտակ Զեյնալյանը համագործակցելու նաև իրենց հայհոյախառն ու ոչ-եթերային բառապաշարով քննադատող, հետախուզվող Վարդան Ղուկասյանի կուսակցության հետ։

«Մարդու պատիվը և արժանապատվությունը՝ դա մարդկային պատվի և արժանապատվության, և եթե ինչ-որ մեկի պատիվն ու արժանապատվությունը արատավորվում է, թիրախավորվում է, ապա դա ընդհանուր մարդկային պատիվն ու արժանապատվությունն է թիրախավորվում՝ այդ թվում նաև ձերը», - հայտարարեց Զեյնալյանը։

«Ընդունում ենք երևանցիներից ստացած քվեները, ընդունում ենք այն արդյունքները, որոնք որ գրանցվել են սեպտեմբերի 17-ի ընտրությունների արդյունքներով, և շարժվում ենք առաջ», - նշեց Ավինյանը։

Ավագանին ընտրվել է ընտրողների աննախադեպ ցածր՝ շուրջ 28 տոկոս մասնակցությամբ, ընտրությունների ընթացքում հասարակական կազմակերպություններն ահազանգել էին վարչական ռեսուրսի կիրառման, երևանյան հասցեներում օտարազգիների գրանցումների մասին։ Այս հարցերին ի պատասխան՝ Ավինյանն ու Զեյլնալյանն ասացին՝ ընտրությունը լեգիտիմ է, ոչ մի ուժ չի վիճարկել։

«Ամբողջ քարոզարշավի ընթացքում տարբեր քաղաքական ուժեր, նաև՝ լրատվամիջոցներ, էս կեղծ թեզերը տարածել են պրոցեսում։ Ես ուզում եմ՝ գա էն օրը, որ մենք բոլորս էդ ընտրակեղծիքի, էդ վարչական ռեսուրսի և բոլոր նմանատիպ հակաժողովրդավարական լոլոների էջը փակենք վերջնականապես», - հայտարարեց Տիգրան Ավինյանը։

«Այս ընտրությունները օրինական ընտրություններ են, ազատ մրցակցային ընտրություններ են», - ընդգծեց Արտակ Զեյնալյանը։

Ընդդիմադիր մյուս ուժը՝ Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթաց»-ը,14 մանդատով կգնա նիստերին, փոխանցեցին Մարությանի գրասենյակից։

12 մանդատ ունեցող Անդրանիկ Թևանյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։

Տիգրան Ավինյանն ընտրվեց Երևանի քաղաքապետ
please wait

No media source currently available

0:00 0:04:08 0:00

XS
SM
MD
LG