Մատչելիության հղումներ

Տիգրան Ավինյանը՝ Երևանի 15-րդ քաղաքապետ


Ձայների 32 կողմ, 5 դեմ հարաբերակցությամբ Տիգրան Ավինյանն այսօր նորընտիր ավագանու առաջին նիստում ընտրվեց Երևանի քաղաքապետ։

Նա Հայաստանի անկախացման շրջանից՝ 1989 թվականից ի վեր 15-րդ քաղաքապետն է։

Նա քաղաքապետի միակ առաջադրված թեկնածուն էր և ընտրվելու համար նրան 27 ձայն էր անհրաժեշտ։

Սեպտեմբերի 17-ին կայացած ընտրություններին ավագանի են անցել «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց», «Հանրապետություն», «Հանրային ձայն» կուսակցությունները և «Մայր Հայաստան» դաշինքը։ «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել է ձայների ամենաբարձր՝ 32.5 տոկոսը։

Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» դաշինքն ու Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթացը» բոյկոտել ու չէին մասնակցում այսօրվա նիստին՝ նոր ընտրությունների հասնելու նպատակով։ «Հանրային ձայնի» 7 անդամներից 5-ն էին ներկա նիստին։

Ավագանին այսօր նաև Երևանի քաղաքապետարանի հանձնաժողովների ղեկավարներ ընտրեց։ Ըստ այդմ՝ Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովը կղեկավարի Ալեքսանդր Բադալյանը (ՔՊ), Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողովը՝ Հայկ Միրզոյանը (ՔՊ), Իրավական հարցերի մշտական հանձնաժողովը՝ Մարատ Թոխյանը (ՔՊ), Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը՝ Հայկ Սահակյանը («Հանրապետություն»)։

Արտակ Զեյնալյանն, ով «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածուն էր, և ընտրված քաղաքապետ Տիգրան Ավինյանն, ի դեմս իրենց կուսակցությունների, համագործակցության հուշագիր ստորագրեցին։

Ավինյանը հայտարարեց, որ Երևանի կառավարումն իրականացնելու են «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները՝ չհստակեցնելով՝ Զեյնալյանը կնշանակվի փոխքաղաքապետ, թե ոչ։

Ավագանու երկրորդ նիստը կգումարվի նոյեմբերի 21-ին։ Այդ օրը նաև քաղաքապետի տեղակալներ կնշանակվեն։

Մանրամասները տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG