Մատչելիության հղումներ

«Համաս»-ը պետք է առաջիկայում արձագանքի հրադադարի առաջարկին


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զրուցում է պատանդների ազգականների հետ, Թել Ավիվ, 1 մայիսի, 2024թ.
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զրուցում է պատանդների ազգականների հետ, Թել Ավիվ, 1 մայիսի, 2024թ.

«Չափազանց առատաձեռն առաջարկ»

Գազայի հատվածը գրեթե ամբողջությամբ վերածվել է ավերակների, մայիսի 1-ի դրությամբ զոհերի թիվը մոտեցել է 34 հազար 600-ին, վիրավորների թիվը մոտ 77 հազար 700 է: Տվյալները հրապարակել է Գազայի առողջապահության ծառայությունը, որը ենթարկվում է պաղեստինյան անկլավում իշխող «Համաս»-ին:

ԱՄՆ-ում և Եվրամիությունում ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Համաս»-ը պետք է արձագանքի Գազայի հատվածում 40-օրյա հրադադար հաստատելու և դրա դիմաց անցյալ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից պատանդառվածներին ազատ արձակելու Իսրայելի առաջարկին:

«Համաս»-ը մանրամասն կվերլուծի առաջարկը

Գազայի հատվածից հրեական խաղաղ բնակավայրերի վրա «Համաս»-ի կատարած անսպասելի հարձակման ընթացքում սպանվել է մոտ 1200 իսրայելցի, և պատանդառվել է մոտ 250 մարդ, ինչից հետո Իսրայելը հայտարարել է, որ Գազայի հատվածում ամբողջությամբ կոչնչացնի «Համաս»-ի կառույցները:

Կահիրեում բանակցելուց հետո Քաթար վերադարձած «Համաս»-ի ներկայացուցիչները հայտնել են, որ մանրամասն կվերլուծեն առաջարկը և հնարավորինս արագ պատասխան կտան:

Տարածաշրջան այցելած Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը հրեական պետության ղեկավարների առաջարկն անվանել է «չափազանց առատաձեռն» և հորդորել է արմտական «Համաս»-ին ընդունել այն:

«Ձեզ հետ կլինենք մինչև պատանդների ազատման օրը»

ԱՄՆ դիվանագիտական կորպուսի ղեկավարն այսօր Թել Ավիվում զրուցել է պատանդներին անհապաղ ազատելու պահանջով բողոքի ակցիայի մասնակիցների հետ, ովքեր շնորհակալություն են հայտնել Վաշինգտոնին այդ հարցում Իսրայելին սատարելու համար: Պետքարտուղարը ցուցարարներին կոչ է արել պինդ մնալ:

«Հնարավորություն ունեցա հանդիպելու պատանդներից մի քանիսի ընտանիքների հետ, մենք ամեն բան կանենք, որ ձեր մտերիմները, բոլորը՝ այր, կին, զինվոր, ահել-ջահել, տուն վերադառնան։ Սեղանին շատ լուրջ առաջարկ է, պի՛նդ մնացեք, հավատացե՛ք, մենք ձեզ հետ կլինենք մինչև նրանց ազատման օրը կգա»,- հավաստիացրել է Բլինքենը:

Պատանդների ազգականները պահանջում են կառավարությունից անհապաղ միջոցներ ձեռնարկել և այդ թվում՝ փոխզիջումների եղանակով հասնել «Համաս»-ի զինյալների մոտ պահվող մարդկանց տուն վերադարձնելուն:

Նախ ստիպել են դիտել ամուսնու գնդակահարությունը, հետո կնոջն են գնդակահարել

Բլինքենի հետ զրուցել է նաև 76-ամյա ցուցարար Հոշեա Հագային: «Համասի»-ի ահաբեկիչները գնդակահարել են նրա 73-ամյա եղբորը՝ Գադիին, ընդ որում «ստիպել են 70-ամյա կնոջը՝ Ջուդի Վայնշտեյնին, դիտել սպանությունը, հետո էլ սառնասրտորեն կնոջն են գնդակահարել»։

«Զինյալները նրանց դիակները փոխադրել են Գազա, ոչ ոք չգիտի, թե որտեղ, մենք ուզում ենք դիակները վերադարձնել, որ մարդավարի հուղարկավորենք, երեխաները չեն ուզում հրաժեշտի արարողություն անել առանց դիակները վերադարձնելու»,- Բլինքենին ասել է տարեց եղբորն ու հարսին կորցրած Հագային:

Սա Բլինքենի 7-րդ այցն է տարածաշրջան

Պետքարտուղարն այսօր Թել Ավիվում հանդիպել է նաև Իսրայելի նախագահ Իսաակ Հերցոգի և վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ:

Շաբաթասկզբին նա այցելել է Սաուդյան Արաբիայի և Հորդանանի մայրաքաղաքներ Էր-Ռիադ և Ամման, որտեղ քննարկել է հրադադարի հնարավորությունը:

2023-ի հոկտեմբերին սկսված պատերազմի ընթացքում նա արդեն 7-րդ անգամ է այցելում տարածաշրջան:

Հանրության մոտ 60 տոկոսը պահանջում է վարչապետի հրաժարականը

Իսրայելի 12-րդ հեռուստաալիքի անցկացրած հարցախույզի արդյունքների համաձայն, հարցվածների 58 տոկոսը պահանջում է վարչապետ Բենյամին Նեթանյահուի անհապաղ հրաժարականը:

54 տոկոսի համոզմամբ, անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ: Հեռուստաընկերությունը հարցումն անցկացրել է 500 իսրայելցիների շրջանում:

Հարցվածների մոտ կեսը պահանջում է նաև պաշտպանության նախարար Յոավ Գալանտի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հերցի Հալեվիի և Իսրայելի հակահետախուզության գործակալության տնօրեն Ռոնեն Բառի հրաժարականը:

Ինչու է «Իսրայելի բանակը սպանում պստիկ երեխաներին», հարցնում է սպանվածների հարազատը

Իսրայելը պնդում է, որ առաջիկայում կներխուժի Գազայի հարավում գտնվող Ռաֆահ, որտեղ ապաստանել են հարյուր հազարավոր պաղեստինցի փախստականներ:

Ռաֆահի հիվանդանոցում սգավորները հրաժեշտ են տվել իսրայելյան հարվածից զոհված երկու պստիկ երեխաներին՝ եղբայր և քույր Քարիմին և Մոնային:

«Աղջիկը երկու տարեկան էլ չկար, տղան՝ չորս, ի՞նչ են արել նրանք: Ութ ամիս է մեր ժողովրդի ցեղասպանությունն են իրականացնում, սովի են մատնում, կոտորում, ավելի քան 15 հազար երեխա է նրանց թիրախը դարձել»,- ասել է սպանված Քարիմի և Մոնայի հորեղբայր Ռամի Աբու Շանաբը:

Իսրայելը պնդում է, որ առաջիկայում կներխուժի Գազայի հարավում գտնվող Ռաֆահ, որտեղ ապաստանել են հարյուր հազարավոր պաղեստինցի փախստականներ:

Ամերիկացի ուսանողները դատապարտում են Իսրայելի գործողությունները

Ամերիկյան համալսարաններում բողոքի ցույցեր են, երիտասարդները դատապարտում են Գազայում Իսրայելի գործողությունները:

Ուսանողների ցույց, Տեխաս
Ուսանողների ցույց, Տեխաս
Նյու Յորք
Նյու Յորք

Ուսանողները վրաններ են տեղադրել և հրաժարվում են լքել համալսարանների տարածքը: Նյու Յորքում Կոլումբիայի համալսարանում տեղի են ունեցել ընդհարումներ ոստիկանների և ցուցարարների միջև, կան մի քանի տասնյակ ձերբակալվածներ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Իսրայելի հարձակումը Ռաֆահի վրա կհանգեցնի մարդասիրական աղետի, տասնյակ պետություններ անհամաչափ են համարում Իսրայելի քաղաքականությունը և պահանջում են անհապաղ դադարեցնել պատերազմը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG