Մատչելիության հղումներ

Լուսավորիչ-Մաշտոցի պողոտա գետնանցումը՝ վտանգավոր ու անմխիթար վիճակում


Տասնամյակներ շարունակ անմխիթար վիճակում գտնվող Մաշտոցի պողոտա - Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկի գետնանցումից օգտվելը ոչ միայն գիշերն է վտանգավոր, այլև ցերեկը։ Օրերս այստեղ անծանոթը թիկունքից մոտեցել է 13-ամյա աղջկա, բռնել ձեռքից։ Աղջիկը, հուզմունքը մի կերպ զսպելով, «Ազատության»-ը պատմեց կատարվածը։

Իր և ծնողների խնդրանքով ձայնագրության մեջ ձայնը փոխված է։

«Չեմ տեսել, հետևից ինչ-որ մեկը աջ ձեռքս բռնել է, արագ ոտքով քացով տվեցի ու փախա», - ասաց նա։

Շատ է վախեցել, ամբողջ ճանապարհին հետ է նայել՝ հանկարծ անծանոթն իրեն չհետապնդի. - «Պապաս ասել էր, որ էդ անցումով չանցնեմ, որովհետև վտանգավոր է, բայց մտքերով տարվեցի ու անցա»։

Այս միջադեպը եզակի չէ, ահռելի այս տարածքում ոչ ոստիկան կա, ոչ պարեկ, ոչ էլ որևէ համայնքային ծառայող։ Փոխարենը տարածքում տեր-տիրական են հսկա առնետները։

Ցերեկվա ժամերին այս կիսախավար անցումով անցնելիս մարդիկ քայլերն արագացնում են. մութն ընկնելուն պես լավագույն դեպքում մի երկու լամպ է վառվում, պատերին հայհոյախառն արտահայտություններ են, գարշահոտը խեղդում է՝ շատերն են հենց այստեղ կարիքները հոգում։

«Լույսերը միշտ անջատած են, տարօրինակ անձնավորություններ են ստեղ, բոլորը խուսափում են», - ասում է քաղաքացիներից մեկը։

Երևանի սրտում գտնվող այս գետնանցումը քաղաքապետարանից ուղիղ գծով 200 մետր է հեռու։ 2 րոպե, և քաղաքապետարանի ցանկացած պաշտոնյա կարող է անձամբ տեսնել անցումն իր ողջ «հմայքով»։

Մի մայթից մյուսն անցնելիս երևանիցները դեռ որքա՞ն պետք է այս սարսափի միջով անցնեն՝ որևէ հստակություն չկա։ Քաղաքային իշխանություններն ասում են՝ վերանորոգման ծրագիրը կա, ժամկետ չկա։

Սարսափը շրջանցել ցանկացողները հորդառատ անձրևի դեպքում չեն կարող օգտվել նաև ամենամոտ՝ Փակ շուկայի գետնանցումից։

Անցած տարի 50 միլիոն դրամով վերանորոգված անցումն օրերս իսկական լճի էր վերածվել։ Վերանորգումից մեկ տարի անց այստեղ նոր վերանորոգման կարիք կա։ Խոստացել են՝ կանեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG